24 Նոյեմբերի 2009
Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է
Օրեր առաջ գրեթե հիմնովին քանդվել է երկար ժամանակ անուշադրության մատնված Վրաստանի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին: ՀՀ Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային` խնդրելով պարզաբանել նախարարության դիրքորոշումը և տեղեկացնել ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու խնդրի լուծմանը:
Վրաստանի նախարարն հավաստել է, որ եկեղեցին իրոք գտնվում էր անմխիթար վիճակում և նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել վերականգնման աշխատանքների ուղղությամբ, նաև Վրաստան հրավիրելով հայ վերականգնող ճարտարապետների` աշխատանքների բոլոր փուլերին մասնակցելու համար:
Այս զրույցից հետո ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեիշվիլին հավաստել է, որ այսօր արդեն հրատապ իրականացվում են եկեղեցու ամրակայման աշխատանքները, դրանց հետևող նախագծային աշխատանքները կիրականացնի "Արքիտեքս" վերականգնողական ճարտարապետական արվեստանոցը: Իր հերթին Արև Սամուելյանը հավաստեց, որ վաղը նախարարության վերականգնող ճարտարագետը կմեկնի Վրաստան մասնակցելու նախագծային աշխատանքներին: