20 Հուլիսի 2010
Խ. Աբովյան -200. Նոր ցուցադրության բացում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերանորոգումից հետո ներկայանում է 12 բաժիններից բաղկացած նոր ցուցադրությունով. Քանաքեռ, Էջմիածին, Ներսիսյան դպրոցի և Դորպատի համալսարանի ուսումնառության տարիներ, 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմ, Աբովյանը մանկավարժ, Աբովյանը և եվրոպական գրականությունը... մինչ` <<Անհայտ բացակայությունը>>։
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Աբովյանի կողմից գրված դասագրքերի և ժողովրդական ընթերցանության համար նախատեսված ձեռնարկների բնագրերը, աշխատությունները, որոնք ծառայել են որպես ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու ուղեցույցներ: Մեծ հայի կյանքի ու գործունեության այս և այլ դրվագներն են ներկայացնում գրողի 200-ամյակին նվիրված ցուցադրության բազմաթիվ վավերագրերն ու լուսանկարները, շուրջ 1500 ցուցանմուշ:
Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արև Սամուելյանը` ով հանդես եկավ բացման խոսքով, մտավորականներ, արվեստագետներ, դպրոցականներ:
Խ. Աբովյանի տուն-թանգարանը ստեղծվել է 1938 թ. ապրիլի 25-ին, ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ, համաձայն որի գրողի Քանաքեռի հայրական տունը վերակառուցվել և վերածվել է տուն-թանգարանի։ 1939 թ. նոյեմբերին թանգարանը իր դռներն է բացել առաջին այցելուների առջև։
1978 թ. կառուցվել է թանգարանի նոր շենքը։ 2005թ. թանգարանը հիմնանորոգվել է։