26 July 2010
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունից տեղեկացնում են
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը ՀՀ մշակույթի նախարարությանը այսօր գրավոր տեղեկացրել է, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը և իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:
Հ. Գ.
Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման վերաբերյալ հետագա աշխատանքների քննարկման նպատակով, կողմերի փոխհամաձայնեցմամբ օգոստոսի 5-ից աշխատանքային այցով Թբիլիսի կմեկնի ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակությունը: