22 Июля 2010
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 2009-2010 թթ. համերգաշրջանում կատարված աշխատանքները
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն 2009-2010 թթ. համերգաշրջանում հանդես է եկել ավելի քան 45 համերգներով, որոնցից 12-ը (սիմֆոնիկ և կամերային)` արդեն ավանդական դարձած Երևանյան միջազգային երաժշտական 3-րդ փառատոնի շրջանակներում (Փառատոնի գեղղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը):
Երևանյան փռատոնի ծրագրում տեղ են գտել հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց կատարումներով հանդես են եկել արտերկրի ու Հայաստանի լավագույն մենակատար երաժիշտ- կատարողները (թվով 22): Փառատոնին մասնակցել են համաշխարհային բեմերում ճանաչում ունեցող անվանի արտիստներ Քիմ Քաշքաշյանը (ալտ), Վոլֆգանգ Մայերը (կլառնետ), Ռադովան Վլատկովիչը (գալարափող), Անահիտ Չաուշյանը (դաշնամուր), Իլյա Գրինգոլցը (ջութակ), Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ), Պոլինա Լեշչենկոն (դաշնամուր), Փրիյա Միթչելը (ջութակ), Նատալյա Գուտմանը (թավջութակ), Սվյատոսլավ Մորոզը (ջութակ), Դայշին Կաշիմոտոն (ջութակ), Էշլի Վոսը (դաշնամուր), Մասիմո Քվարտան (ջութակ), Ալդո Սիսիլլոն և Լավարդ Սքու-Լարսենը (դիրիժորներ), Կարինե Բաբաջանյանը (սոպրանո), Ջուզեպե Ջակոմինին (տենոր): Վերջիններս այդ օրերին հանդես են եկել նաև վարպետության դասընթացներով:
2009-2010 թթ. համերգաշրջանի ընթացքում ՀՊՖՆ-ն ելույթներ է ունեցել <<21-ի հեռանարներ>> միջազգային փառատոնի շրջանակներում (Պենդերեցկու և Սոֆյա Գուբայդուլինայի օրեր), նաև Տ. Մանսուրյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգներին:
ՀՊՖՆ-ն hամերգաշրջանում ունեցել է նաև մի շարք Երևանյան պրեմիերաներ: Առաջին անգամ կատարված գործերից էին Կարեն Անանյանի <<Ճանապարհ դեպի երկինք>> սիմֆոնիկ պատկերը, Սուրեն Զաքարյանի Մոնոգրաֆը թավջութակի և կամերային նվագախմբի համար, Վաչե Շարաֆյանի Սյուիտը թավջութակի, հոբոյի և լարայինների համար, Տիգրան Մանսուրյանի կամերային մի շարք գործեր, Սոֆյա Գուբայդուլինայի և Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնային համերգների ծրագրի մեծ մասը:
ՀՊՖՆ-ի կողմից ընթացիկ տարում իրականացվել է Արամ Խաչատրյանի Ռապսոդիայի, հայ ժամանակակից կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի և Սուրեն Զաքարյանի գործերի ձայնագրությունները շվեդական հանրահայտ BIS RECORDS ֆիրմայում: Ձայնագրման աշխատանքներն ընթացել են Արամ Խաչատրյան համերգասրահում շվեդ մասնագետների կողմից:
ՀՊՖՆ-ն մայիս-հուլիս ամիսներին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարների և <<Հովեր>> կամերային երգչախմբի մասնակցությամբ իրականացրել է Չայկովսկու <<Եվգենի Օնեգին>> օպերայի բեմականցումը (5 ներկայացում) Արամ Խաչատրյան համերգասրահում (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան, բեմադրող ռեժիսոր և նկարիչ` Վիգեն Չալդրանյան):
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի Կառավարության գումարային հատկացումով արդեն օգոստոս ամսին Արամ Խաչատրյան համերգասրահը կունենա նոր ռոյալ (Steinway ֆիրմա, Համբուրգի արտադրություն):
2010թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը նախատեսվում են ՀՊՖՆ-ի հյուրախաղերը Գերմանիայում և Սլովակիայում:
2010-2011թթ. համերգաշրջանում ՀՊՖՆ-ն նախատեսում է անցկացնել ավանդական դարձած երևանյան միջազգային 4-րդ երաժշտական փառատոնը, որը կանցկացվի ՀՀ Նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի և Սըր Սայմըն Բաուզ-Լայընի (Անգլիա) բարձր հովանու ներքո, ինչպես և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հատուկ հիշատակման է արժանի հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90-ամյակին նվիրված առանձին համերգը, որը կկայանա նշյալ փառատոնի շրջանակներում: